ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ԲԱՏԿԱՆ» ԿԱՐԳԻՆ ՁԱՆՁՐԱՑՐԵԼ Է

«ԲԱՏԿԱՆ» ԿԱՐԳԻՆ ՁԱՆՁՐԱՑՐԵԼ Է
21.12.2010 | 00:00

Չեմ ցանկանում հանրահայտ ճշմարտություններ ասել, բայց ակներև է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրում ցանկացած քաղաքական ընտրություն պետության և ամբողջ համակարգի ամրության յուրօրինակ ստուգում է։ Դա լավ կամ, ընդհակառակը, վատ նախահիմք է երկրի հետագա զարգացման և աշխարհում ունեցած տեղի հարցում։ Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունները ոչ միայն վերստին հաստատեցին այդ կանոններն ու քաղաքական նորմատիվները, այլև, ամենայն հավանականությամբ, կարող են նոր մեկնակետ դառնալ ինչպես երկրի ողջ քաղաքական համակարգի, այնպես էլ նրա արդեն վաղուց չփոխվող նախագահի համար։ Համենայն դեպս, անցած ընտրությունները միանգամայն անակնկալ էին բոլորի, այդ թվում և` Լուկաշենկոյի համար։
Որ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթելու էր, ոչ ոք չէր կասկածում։ Որ ընտրություններն անցնելու են արդեն փորձարկված բելառուսական կառավարվող սցենարով, նույնպես ակներև էր։ Այդուհանդերձ, միանգամից նկատենք, որ այս տարի ընտրարշավն էապես տարբերվում էր բոլոր նախորդներից։ Մասնավորապես, պաշտոնապես գրանցվել էին նախագահության միանգամից տասը թեկնածու, ինչը երբեք չէր եղել Բելառուսում։ Փաստորեն, նրանք բոլորն էլ ընդդիմադիր էին պետության ղեկավարին և նախքան ընտրությունները հայտարարում էին, որ քվեարկության արդյունքները կկեղծվեն։ Ի դեպ, տեղական ընդդիմությունն էլ, դիտորդների կարծիքով, տարանջատ ու խիստ տարաբնույթ էր արտաքին քաղաքական համակրանքներով` բացահայտ ռուսամետներից մինչև համոզված արևմտամետներ, որոնք ո՛չ լուրջ աջակցություն ունեին դրսից, ո՛չ էլ ժողովրդականություն` զանգվածների շրջանում։ Այսպիսով, Ալեքսանդր Լուկաշենկոն, որն արդեն 17 տարի գլխավորում է Բելառուսը, բոլոր հարցումների և փորձագիտական գնահատականների համաձայն, համարվում էր մրցավազքի անառարկելի առաջատար։
Հավանաբար, հենց նախագահի ամուր դիրքերի պատճառով էր, որ ռուսները համոզված էին նրա «անփոխարինելիությանը», և բառացիորեն ընտրությունների նախօրեին Կրեմլը` անհամոզկեր Բելառուսի ղեկավարի համար վերջին ժամանակներս ամենագլխավոր ընդդիմադիրը, շատ կտրուկ դադարեցրեց «վրաերթերը» և նույնիսկ հայտարարեց Լուկաշենկոյի և Մեդվեդևի պատմական հաշտության մասին։ Կարծես վատ չէին դասավորվում գործերը նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ Բելառուսի փոխհարաբերություններում։ Այդ իսկ պատճառով արդեն գիշերը Մինսկում հրապարակված նախագահական ընտրությունների արդյունքները (գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ընտրողների քվեների 79,67 տոկոսը, երկրորդ տեղում ընթանում էր «ընդդեմ բոլորի» տարբերակը, որն ընտրել էր քվեարկողների 6,47 տոկոսը, իսկ մնացած բոլոր թեկնածուների արդյունքները 2-3 տոկոսը չէին գերազանցում) միանգամայն կանխատեսելի էին։ Միևնույն ժամանակ, հասարակական հարցման տվյալների համաձայն, որը զուգահեռ անցկացրել էին հասարակագիտական և վերահսկողական հետազոտությունների միջազգային կենտրոնի ուկրաինացի մասնագետները (հասարակական հարցումն անցկացվում էր, փաստորեն, «ընդհատակյա կարգով», իշխանությունների կոշտ ճնշման ներքո և դադարեցվել էր 16.00-ի մոտ), Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր հարցման մասնակիցների 40,2, երկրորդ տեղում ընթացող Վլադիմիր Նեկլյաևը` 19,8, երրորդ տեղում ընթացող Անդրեյ Սաննիկովը` 11,5 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նաև հայտարարեցին, թե ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանձնաժողովն առայժմ բողոքներ չի ստացել։ Մինչդեռ Մինսկի փողոցներում, բառիս բուն իմաստով, ջարդ էր տեղի ունենում, և ըստ այդմ, պաշտոնական կարծիքն այնքան էլ համոզիչ չէր թվում։ Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։
Դեկտեմբերի 19-ը երկրում սկսվեց բարձր տրամադրությամբ։ Մինսկի փողոցներում բավականին հանգիստ էր։ Գրեթե քարոզչություն չկար։ Հեռուստատեսությամբ ցույց էին տալիս հին խորհրդային կինոնկարներ, իսկ հրապարակում, որտեղ ընտրարշավի ժամանակ հավաքվում էր ընդդիմությունը, սահադաշտ էր սարքվել։ Երաժշտություն էր հնչում, սահում էին երեխաները։ Թեպետ բառացիորեն նախօրեին ընդդիմության ակտիվիստները սկսել էին խանութներից աղ գնել, որ շաղ տան սառույցի վրա ու հանրահավաք անցկացնեն, ինչը իշխանությանը չէր անհանգստացնում։ Ոչ մեկին չէին հուզում նաև ընդդիմադիրների այն հայտարարությունները, որ ընտրողների ներկայությունն ապահովելու համար զանգվածաբար վարչական ռեսուրսներ են օգտագործվում։ Ընդդիմադիր թեկնածուների շրջանում ամենից շատ ժողովրդականություն վայելող Վլադիմիր Նեկլյաևն էր միայն իսկական ներկայացում սարքել։ Իր ընտրատեղամասում քվեարկության ժամանակ քաղաքական գործիչը մոտեցել էր ընտրական հանձնաժողովին, վերցրել քվեաթերթիկը, գրպանից հանել նշագրիչը և հրապարակավ ջնջել Լուկաշենկոյի ազգանունը։ Թեկնածուն խոստովանեց, որ գործում է «ոչ ըստ կանոնների, բայց ներկայիս իշխանությունն էլ է գործում ոչ ըստ կանոնների»։ Իսկ գործող նախագահի քվեարկությունն անցել էր մեծ աղմուկով և նմանվում էր մամլո ասուլիսի։ Կարմիր ուղեգորգի վրա կանգնած Լուկաշենկոն հայտարարեց, թե ինքն «իսկական քաղաքական գործիչ է», քանի որ «պայքարում է հանուն հաղթանակի», իսկ հետո հաղորդեց, որ մտադիր է քվեարկության օրն անցկացնել դահուկ քշելով և ձյուն մաքրելով։ Լուկաշենկոն քննադատեց իր քաղաքական ընդդիմախոսների իրիկնային պլանները. «Մի անհանգստացեք, այսօր ոչ ոք հրապարակում չի լինի»։ Եվ հավանաբար, ելնելով այդ անամպ և նույնիսկ հանդիսավոր մթնոլորտից, դեռ նախքան ընտրական տեղամասերի փակվելը վաղուց հաստատված ավանդույթի համաձայն, ռուսաստանցի դիտորդները շտապեցին հայտարարել, թե ընտրություններն անցել են ժողովրդավարական հիմունքներով, արտահայտում էին ժողովրդի կամքը և ապացուցեցին բելառուսական ընտրական համակարգի կատարելությունը։ Բայց թե՛ նրանք, թե՛ Լուկաշենկոն սխալվում էին։
Մարդիկ սկսեցին Մինսկի Օկտյաբրսկայա հրապարակում հավաքվել հայտարարված ժամից ավելի շուտ։ Այնտեղ այդ ժամանակ դեռևս գործում էր սահադաշտը, և գույնզգույն լույսերով փայլփլում Ամանորյա տոնածառը։ Երեկոյան կողմ պողոտայով դեպի հրապարակ սկսեցին շարժվել շարասյուներ, ի դեպ` առայժմ չհանդիպելով միլիցիայի նույնիսկ աննշան դիմադրությանը։ «Հե-ռա-ցի՛ր»,- վանկարկում էին մարդիկ։ Բառացիորեն րոպե առ րոպե, ինչպես գրում են լրագրողները, նրանց թիվը ավելի ու ավելի էր մեծանում։ Այնուհետև իրադարձություններն սկսեցին սրընթաց զարգանալ։ Երբ թեկնածու Վլադիմիր Նեկլյաևը պատրաստվում էր իր կողմնակիցների շարասյուների հետ գալ հրապարակ, անսպասելիորեն նրանց վրա գրոհեց և ծեծուջարդ սկսեց սև դիմակներով մարդկանց մի խումբ։ Դրա հետևանքով ընդդիմադիրը շտապօգնության հիվանդանոցում հայտնվեց վնասված աչքով, ուղեղի ուժեղ ցնցումով և գրեթե անգիտակից վիճակում։ Բելառուսական միլիցիան հետո մասամբ խոստովանեց իր մեղքն այդ միջադեպում, հայտարարելով, թե Նեկլյաևի մեքենայի մեջ կարող էր պայթուցիկ լինել, իսկ նա թույլ չէր տալիս մեքենան խուզարկել։ Իրականում այնտեղ ապարատներ էին հանրահավաքի համար, որոնք, այդուհանդերձ, միլիցիան հաջողությամբ բռնագրավեց։ Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա նրանց հաջողվեց խաղաղ անցնել դրոշներով` ճանապարհին «որսալով» մարդկանց։ Ըստ որոշ տվյալների, հանրահավաքին շուրջ 50 հազար մարդ էր հավաքվել։ Ինչպես վկայում են լրագրողները, ամբոխի միջից վանկարկում էին «Կեցցե՛ Բելառուսը» և քննարկում Լուկաշենկոյի պալատը գրոհելու պլաններ, որը գտնվում է հրապարակից մի փողոց այն կողմ։ Նախագահության թեկնածու Վիտալի Ռիմաշևսկին կոչ արեց ստեղծել «ժողովրդական վստահության» կառավարություն և սկսեց հերթով նշել բոլոր ինն ընդդիմադիր թեկնածուների ազգանունները, որոնցից յուրաքանչյուրն արժանացավ ամբոխի հավանությանը` դատելով վեր պարզած ձեռքերից։ Անակնկալ էր «Արդար գործ» ռուսական կուսակցության ղեկավար Լեոնիդ Գոզմանի հայտնվելը հրապարակում, որը բելառուսներին հավաստիացնում էր, թե «Ռուսաստանում բոլորը չէ, որ սիրում են Լուկաշենկոյին»։ Ինչ-որ կերպ այնտեղ հայտնվեցին նույնիսկ «նացիոնալ-բոլշևիկները»` կարմիր պաստառներով, որոնց վրա գրված էր մոսկովյան հրահանգներից հայտնի «Ձեր ընտրությունները խեղկատակություն են» կարգախոսը։ Իսկ մյուս թեկնածուն` Վիտալի Ռիմաշևսկին, բոլորին հավաստիացնում էր, թե «մեր կողմից ոչ մի ուժային սցենար չի լինի», և «մենք կոչ ենք անում միլիցիային, կոչ ենք անում դատախազությանը գալ այստեղ. մենք մի ժողովուրդ ենք»։ Միլիցիան, իհարկե, «եկավ», բայց միայն այն բանից հետո, երբ մի քանի հոգի մոտեցան խորհրդարանի մուտքին և սկսեցին փշրել դռների ապակիները։ Փշրված ապակիների միջից կառավարության շենքում նկատելի էին հատուկ ջոկատայինների մետաղե վահանները, որոնք թեթևակի լուսավորվում էին լուսանկարչական ապարատների «բռնկումների» ժամանակ։ Ընդդիմության ղեկավարներն սկսեցին ջարդարարներին անվանել «տխմարներ» և «սադրիչներ», բայց, ի վերջո, իրենք որոշեցին օգտվել հնարավորությունից և մտնել խորհրդարան։ Ընդդիմության ղեկավարների մուտքը խորհրդարան կարող է լինել հաղթական, բայց ընդամենը մի քանի րոպե։ Թե՛ հրապարակում, թե՛ խորհրդարանում «սկսեց աշխատել» հատուկ ջոկատը, ընդ որում, շատ եռանդուն։ Ինչպես պնդում են ականատեսները, առանց խտրության գործելով մահակներով, նրանք փորձում էին ցուցարարներին հետ մղել խորհրդարանից, շտապօգնության ոչ մի մեքենայի թույլ չտվեցին մտնել հրապարակ, թեև բազմաթիվ վիրավորներ կային։ Շուտով հատուկ ջոկատի և ներքին զորքերի աշխատակիցները հրապարակը մաքրեցին ցուցարարներից, իսկ ընդդիմադիր թեկնածուների մեծամասնությունը ծեծուջարդի ենթարկվեց, ձերբակալվեց կամ ընկավ հիվանդանոց։ Ընդհանուր հաշվով, իրավապաշտպանների տվյալներով, ձերբակալվեց առնվազն 200 մարդ։ Սակայն նշվում է, որ միլիցիայի գործողությունները ոչ այնքան ձերբակալությունների, որքան ահաբեկելու նպատակ էին հետապնդում։ Բելառուսական լրատվամիջոցների տվյալներով, նախագահության թեկնածուներին տարել են ՊԱԿ, նրանց կարող են պետական հեղաշրջման մեղադրանք ներկայացնել։ Վերակենդանացման բաժնում ուշքի բերեցին նույնիսկ Նեկլյաևին, որը չէր մասնակցել իրադարձություններին։ Ականատեսների վկայությունների համաձայն, նա ինքնուրույն քայլել չէր կարողանում, և նրան դուրս են բերել սավանով։ Ընդդիմադիր ակտիվիստների շուրջկալները շարունակվում էին ամբողջ գիշեր։ Հատուկ ծառայությունները խուզարկություններ անցկացրին թեկնածուների շտաբներում, իրավապաշտպանների պաշտոնավայրերում և մի քանի խմբագրություններում, այդ թվում` «Խարտիա-97» կայքի։
Հանրահավաքը ցրելիս տուժել են տասնյակ լրագրողներ, այդ թվում` ռուսաստանցի։
Այժմ, նկատի առնելով հատկապես Լուկաշենկոյի կտրուկ բնավորությունը, ընդդիմությանը սպառնում են ամենակոշտ հետևանքները. նրանց կարող են մեղադրել պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ։ Բելառուսական հեռուստատեսությամբ ամբողջ գիշեր ցույց էին տալիս իբր ընդդիմադիրներից խլված զենքը և պատմում, թե զինված ցուցարարներն ինչպես էին հարձակվել միլիցիայի վրա։ Փորձագետների և լրագրողների մեծամասնությունը պնդում է, որ մարդիկ վախեցած են, իսկ ընդդիմությունը` ջախջախված։ Այնպես որ, հավանականությունը, թե Բելառուսին սպասում են ժողովրդական հուզումներ և զանգվածային բողոքներ, անչափ փոքր է։
Սակայն Բելառուսի նախագահի համար կարող են այլ կարգի խնդիրներ ծագել։ Այժմ մեծ է հավանականությունը, որ Լուկաշենկոն խնդիրներ կունենա նախագահական ընտրությունների արդյունքների օրինականության առնչությամբ։ Դա արդեն երևում է այն հայտարարություններից, որ ստացվում են Եվրամիության երկրներից, մասնավորապես` Լեհաստանից։ Եթե դեռ բոլորովին վերջերս այստեղ խոսում էին Բելառուսի տնտեսության մեջ երեք միլիարդ եվրո ներդնելու հնարավորության մասին, ապա այսօր Լեհաստանում այն կարծիքն է ձևավորվել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ լեհական կառավարության շփումներն անցանկալի են։ Մինչդեռ, այդ ամենով հանդերձ, պետության ղեկավարի դիրքերը դեռևս շատ ուժեղ են, և դժվար է դրանք սասանելը։ Սակայն երկրի տնտեսական վիճակը վատթարանում է, և առանց արտաքին աջակցության ու օգնության հազիվ թե հաջողվի շտկել դրությունը։ Եվ որքան կոշտ լինի բելառուսական իշխանությունների հակազդեցությունը, այնքան ավելի կարծր կլինեն իրենց գործողություններում նաև մյուսները։ Առավել ևս, որ մյուս երկրների ղեկավարներից շատերին անկառավարելի և քիչ կանխատեսելի «Բատկան» կարգին ձանձրացրել է արդեն։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ